Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

Ինչ էլ որ լինի, հայերի երկիրն ու ազգը կմնան... Ջ. ԲԱՅՐՈՆ

Ինչ էլ որ լինի,  հայերի երկիրն ու ազգը կմնան... Ջ. ԲԱՅՐՈՆ
21.04.2017 | 00:04

...Հուսա՞մ, որ մի օր իսպառ խաթարված
Բուն էությունն իմ կգտնի իրեն։
Պիտի երևա՞ թշվառացյալիս
Տաղավարն ավեր վերստին կանգուն...

Գրիգոր Նարեկացու այս հարցերը 20-րդ դարասկզբի եղերական օրերին ծառացել էին նաև մեծն Կոմիտասի և առհասարակ, հայ ժողովրդի առջև։ Բնաջնջման եզրին էր ոչ միայն հայ դարավոր մշակույթը, այլև այն կրող համայն ժողովրդի գոյությունը։ Եթե Անդրանիկ Զորավարը, նրա զինակիցները քրդերից ոսկով գնում էին հայ որբացած մանուկներին, որ ապագա Հայաստանի համար «շիթիլ» անեին, եթե Դեր Զորի շիկացած ավազի վրա մայրը գրում ու որդուն էր ժառանգում Մեսրոպյան այբուբենը, ապա Կոմիտասը նույն խնամքով հավաքում էր ժողովրդի որբացած երգերն ու ցիրուցան եղած բեկորները։ Եթե անապատի անողոք քամին բազմիցս ջանում էր ջնջել ավազի վրայի տառերը, ապա Կոմիտասի գրի առած երգերը դիմակայում էին ժամանակի փոթորկումներին։ Եվ կենաց ու մահու այդ պայքարում հաղթեցին լույսը, գեղեցիկը, հավերժը։ Այն, որ աշխարհակործան պատերազմի օրերին Կոմիտասը փրկում էր հայոց երգը և հիմնադրում հայ կոմպոզիտորական դպրոցը, վկայում է, որ Կոմիտասը ներքուստ վստահ էր, որ հայ ժողովուրդը կհարատևի։ Եվ հանուն իր առաքելության Կոմիտասը ստիպված եղավ իսպառ խմել քացախով լի այն թասը, որն ընդունեց «անօրինաց ձեռանէ»։


Եվ ի պատասխան դրա, նա աշխարհին տվեց քաղցրահունչ երաժշտություն։Անցել են ժամանակներ, և ինչպես Պարույր Սևակն է ասում.


Նորից երգում-մորմոքում է
աստվածային Կոմիտասը
Կախարդում է ու մոգում է
աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ,
ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն` ուրիշներին,
մեզ հերիք է քո մի թասը։


Այսօր աշխարհը տեսնում է, թե ինչպես վաղեմի «շիթիլները» վերաճել են բարձրուղեշ ծառերի։ Իսկ Կոմիտասի երգերը, նրանց հնչերանգները ոսկեթելի պես զարդարում են Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի, Է. Միրզոյանի, Տ. Մանսուրյանի և այլոց հնչյունային աշխարհները։ Եվ այն հարցին, թե «կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան ջարդված անոթս վերանորոգված», հայ ժողովուրդը պատասխանում է նույն Գրիգոր Նարեկացու խոսքերով.


Կործանվածս` ահա կանգուն եմ նորեն,
Թշվառս` հաղթող,
Մոլորվածս` ուղղված դարձին կենարար...
Վերափոխվածս անամոք`
դեպի դեղն անմահարար...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 15890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ